Հիլարի Քլինթոն. Տևական լուծումը բխում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի շահերից
«Վերադարձը բռնությանը` անընդունելի է: Նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչության, Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում երկարատև կարգավորումը»,- այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ԱՄՆ-ը դատապարտում է ուժի կիրառումը և դրա սպառնալիքը: «Մենք ցավում ենք վերջին միջադեպի հետևանքով մարդկային զոհերի համար: Սա 1994 թվականի համաձայնության խախտում էր»,- նշեց ԱՄՆ պետքարտուղարը:
«Մենք հորդորում ենք երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Մենք չենք ցանկանում, որ կողմերը կարուստներ ու մարդկային զոհեր ունենան»,- ասաց Հիլարի Քլինթոնը` ակնարկելով, որ նմանօրինակ միջադեպերը կարող են դժվարեցնել նաև բանակցային գործընթացը:
Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին` Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խոստումնալից որակեց: Հղում անելով օրերս եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը` ԱՄՆ պետքարտուղարն արձանագրեց. «Ե'վ Հայաստանի, և' Ադրբեջանի կողմից կա մի ընկալում, որ յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա»:
Նա նշեց, որ ընդամենը վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ շատ լուրջ բանակցություններ են տեղի ունեցել: «Հուսով ենք տեսնել առաջընթաց»,- ընդգծեց տիկին Քլինթոնը` պարզաբանելով, որ ակնկալվող առաջընթացը ենթադրում է կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցում. «Բոլորը հասկանում են, որ դա բարդ գործընթաց է, սակայն դա անվտանգության միակ ճանապարհն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ