ՀՀ նախագահը` Հ. Քլինթոնին. ԼՂ ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը
«Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաև կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, ՀՀ նախագահն ասել է.
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Նահանգների Անկախության տոնի կապակցությամբ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարօրություն և հետագա բարգավաճում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ Ձեզ` Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող քաղաքական, տնտեսական և տեխնիկական օժանդակության համար:
Կուզենայի առանձնացնել հատկապես երկու հանգամանք. Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է բերել ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, և այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում: Շնորհակալ եմ այդ հարցում ձեր օժանդակության և ջանքերի համար»:
ԱՄՆ պետքարտուղարը Երևանում է գտնվում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում: