ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այսօրվա այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր պատմության մեջ առաջին փաստն է: Մինչ Հիլարի Քլինթոնը ամերիկյան այդ կարգի որևէ գործող պաշտոնյա Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր չէր այցելել:
Ինչպես այս կապակցությամբ նշում են Հայաստանում ամերիկյան դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հիլարի Քլինթոնը «մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքի փոխանցմամբ, պետքարտուղար Քլինթոնը ծաղկեպսակ է դրել «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ամերիկյան պտվիրակության` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը պետքարտուղարին է ներկայացրել Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին և նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:
Աղբյուրի հաղորդմամբ, Հիլարի Քլինթոնը հետաքրքրվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: «Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվեց, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից ամերիկյան պատվիրակությանը հանձնել է պատմական մեդալ` թողարկված Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգևատրելու համար: Պատվավոր հյուրին հանձնվել է նաև մի լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի /ներկայիս Գյումրիի/ ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ:
Նախորդող հրապարակում`
Հայ դատ. Ծիծեռնակաբերդ այցելելով` Քլինթոնը Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա և վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին