Լիբանանահայ. Օտարալեզու դպրոցները` «պանդորայի արկղ».
Այսօր Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ իրենց մտահոգությունները լրագրողներին հայտնելու էին եկել սփյուռքահայ խմբագիրներ և հրապարակախոսներ։ Մշակութաբան ու հրապարակախոս Մովսես Հերգելյանը, ով ներկայացնում էր Բեյրույթը, նկատեց, որ Լիբանանում էլ նոր քաղաքական հոսանքներ են գալիս ու օտարալեզու դպրոցներ էլ են բացվում:
«Հայերենն ամեն ձևով պետք է պաշտպանվի, քանի որ լեզուն մտածելու եղանակ է, իսկ այդ դպրոցներում երեխաներին կրթում են իրենց հարմար ձևով և արդյունքում համայնքի մեջ շերտեր են առաջանում. սկսվում է ներքին պայքար։ Դրա պատճառն այն է, որ երեխաները սնվում են տարբեր մշակույթներով, և արդյունքում սրվում են ամբողջ համայնքի բնակիչների հարաբերությունները»,-նկատեց նա ու ավելացրեց,որ երբեմն խնդիրը նրան է հասնում, որ հարցը լուծվում է զենքի միջոցով:
Անդրադառնալով լիբանանյան էլիտային, բանախոսը նկատեց, որ նրանք այժմ սկսել են խոսել ժամանակակից ` մոդայիկ ձևերով, ասել է, թե ոչ արաբերեն, ոչ անգլերեն, ոչ էլ ֆրանսերեն, այլ միաժամանակ խոսքում օգտագործելով մի քանի լեզու: Օտարալեզու դպրոցների պատճառեվ, ըստ նրա, Լիբանանում քաղաքացի հասկացությունն արդեն մահացել է, իր բերած օրինակի համաձայն, երբ բնակչին հարցնում են, թե ինչ քաղաքացիություն ունի, նա նշում է իր կրոնի կամ կուսակցության անունը։
Բացի այդ, հրապարակախոսը օտարալեզու դպրոցներին անվանեց «պանդորայի արկղ», որն այդպիսի իրավիճակ կարող է ստեղծել նաև Հայաստանում: Բանախոսը մտավախություն հայտնեց, որ օրինակ` աշակերտի համար Վարդան Մամիկոնյանի փոխարեն կարող է հերոս լինել Նապոլեոն Բոնապարտը: