Milliyet. Ինչո՞ւ Անկարան չարձագանքեց Քլինթոնի այցելությանը Ծիծեռնակաբերդ
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մասնավորապես «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթն այդ կապակցությամբ հրապարակել է թուրքական լսարանի մեծ մասի համար դեռևս անհայտ մանրամասներ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունից: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Ծիծեռնակաբերդ են այցելել այնպիսի նշանավոր ու ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են օրինակ Բորիս Ելցինը, Ժակ Շիրակը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, Վլադիմիր Պուտինը, սերբ ռեժիսոր և կիթառահար Էմիր Կուստուրիցան:
Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների նկատել են տալիս, որ թեև Քլինթոնի` Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունը մասնավոր բնույթ է կրել, այդուամենայնիվ, պաշտոնական Անկարան չի արձագանքել այդ այցին: Ինչո՞ւ: «Milliyet»-ի պարզաբանմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունում վճռվել է ոչ մի հայտարարությամբ էլ հանդես չգալ:
«Եթե մենք Քլինթոնի այդ այցի կապակցությամբ ԱՄՆ-ին հակազդեցություն ցուցաբերեինք, դա հայկական կողմի սրտով կլիներ: Այդ կերպ մենք ըստ էության հայերի ցանկությանը տուրք մատուցած կլինեինք: Այդ այցը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդում, բայց ծառայում է հայկական լոբբիին»,- վկայակոչելով բարձրաստիճան մի դիվանագետի` գրում է «Milliyet»-ը: