Լավ կլինի, որ Գորբաչովը Բաքու չգա. հակառակ դեպքում` կփոշմանի»
«World Leaders Travel» 5-րդ սիմպոզիումին մասնակցելու համար ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ նախկին ՍՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի` Բաքու ժամանելու մտադրությունը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
«Ենի Մուսավաթ»-ը գրում է, որ, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» առաջնորդ Աքիֆ Նաղին հայտարարել է, որ ոչ մի հնարավորություն չպետք է տրվի Գորբաչովին Բաքու գալու համար: «Գորբաչովը մեղավոր է 1990 թ. Բաքվի հունվարյան դեպքերի համար: Նրա հրամանով ռուսական զորքերը ադրբեջանցիների արյունն են հեղել: Լավ կլինի, որ նա Բաքու չգա: Հակառակ դեպքում` կփոշմանի»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն եւ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն նույնպես հայտարարել են, որ հունվարի 20-ի իրադարձությունների հիմնական մեղավորը Գորբաչովն է: