Երազանք պահեց. «Սուրբ Հովհաննես, պահպանի ոսկեղենիկ հայերենս»
«Դարեր շարունակ չունեինք հայրենիք` լեզու ունեինք, հիմա էլ հայրենիք ունեցանք` լեզու չենք ունենա»,- այսպիսի տրամադրվածությամբ սիրված դերասան Ազատ Գասպարյանն ազդարարեց, որ այսօրվա ասուլիսում խոսելու է օտարալեզու դպրոցների վերաբացման մասին: Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը դերասանին մտահոգում են, բայց ամենից շատ մտահոգում է օրենքում ամրագրված դրույթը, թե` «Հայաստանի ուսումնական հաստատություններում գրական լեզուն հայերենն է , բացառությամբ….».
«Այ հենց այդ «բացառությամբ»-ը ինձ հանգիստ չի տալիս, որովհետև հայը, որ իմացավ «բացառությամբ», կսկսի արդեն ամեն ինչ բացառել»,- համոզված է Ա.Գասպարյանը:
Իսկ քանի որ այդ բառն այդքան շատ վտանգ է իր մեջ պարունակում, միակ ելքն այն է, որ երկրորդ ընթեցման ժամանակ այն ընդհանրապես հանվի օրենքի նախագծից:
Այդ դեպքում ինչպե՞ս անել, որ ժողովրդի կողմից ընտրված մարմինը` խորհրդարանը, ունկնդիր դառնա այս մտահոգություններին և, ինչպես ասում է դերասանը, երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի նստի այս բոլոր վտանգավոր խութերի հետ: Ավելին` ստացվում է, որ Ա.Գասպարյանը չի՞ վստահում օրենսդրին.
«Որովհետև այդ հարցը չպետք է մտներ խորհրդարան, ես սկսեցի կասկածել»,- եղավ պատասխանը: Շարունակեց` քանի որ խորհրդարանը կողմ է քվեարկել այս նախագծերին, այս պահին նա չի վստահում Ազգային Ժողովին:
Ելքը` բուժել է պետք օտարամոլության ախտը և նոր անդրադառնալ լեզուներին:
Բացի այս, ըստ նրա, Հայաստանում հարյուրավոր խնդիրներ կան չլուծված` և հանկարծ օտարալեզու դպրոցներ. «Հայաստանում ուսումնական հաստատություններում գրական լեզուն հայերենն է, վերջ, էլ բացառություն չկա»,- ավելացրեց նա:
Հաջորդ հարցը, որ մտահոգում է մտավորականին` ո՞ւմ է պետք դա. «Շատ եմ ուզում իմանալ, թե ո՞ւմ են պետք օտարալեզու դպրոցները: Ուզում եք լեզու սովորել` սովորեք, ինչի՞ է պետք, որ դպրոց բացվի հատուկ դրա համար»,- հետաքրքրվեց նա:
Ասուլիսի մյուս հյուրը, գրող Հովհաննես Գրիգորյանն էլ հայտարարեց.
«Ես կողմ եմ օտար լեզուների ուսուցմանը, բայց ոչ օտարալեզու դպրոցներ բացելուն»:
Նա հիշեցրեց, որ երբեմն «լավ» գաղափարները այնքան էլ լավը չեն և, օրինակ, երբ միշտ ձգտում էինք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, այսօր այնպիսի իրավիճակ է, որ այդ բարձրացումը վնաս է մեզ համար: Նույնն էլ օտարալեզու դպրոցների պարագայում է լինելու, համոզված է մտավորականը. «Ցամաքեց Սևանը` այստեղ այլևս ապրելու տեղ չի, ցամաքեց լեզուն` Հայաստան չի»,- ավելացրեց Հ.Գրիգորյանը:
«Մեկա նրանք ընդունելու են», -այս եզրակացության մեջ վստահ էին երկու բանախոսն էլ և ասուլիսի ընթացքում այս գաղափարը հնչեցրեց թե մեկը, թե մյուսը: Սակայն երբ վերջում Panorama.am-ը փորձեց ճշտել, թե եթե այդքան վստահ են, որ «մեկ է ընդունելու են», ապա ի՞նչ կարիք կա խոսելու ու քննարկելու, երկու բանախոսն էլ հրաժարվեցին նախկինում հնչեցրած «մեկա»-ներից ու հարցը մնաց անպատասխան:
Իսկ վերջում Ա.Գասպարյանը, որ հայտնվել էր երկու Հովհաննես Գրիգորյանների մեջտեղում` ( մտավորականի և ակումբավարի), երազանք պահեց. «Սուրբ Հովհաննես, պահպանի ոսկեղենիկ հայերենս»: