Աշոտյանին հրավիրել են մասնակցելու հակակոռուպցիոն ճամբարի
«Ապագան քոնն է» ՀԿ-ի նախաձեռնությամբ հայաստանյան բուհերի մի շարք ուսանողներ և դպրոցականներ հանդիպում են ունեցել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Կկրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» ՀԿ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի` «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում մայիս ամսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը: Դրա շրջանակում ընտրվել է 6 բուհերի շուրջ 300 ուսանող, ովքեր մասնակցել են տարբեր շարադրությունների մրցույթների և վիկտորինաների:
Բացի այդ, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում կազմակերպվել են հնգօրյա դասընթացներ` ուղղված աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը և դաստիարակությանը: Դասընթացների ընթացքում ընտրվել է ՀՀ երեք օրենք, այդ թվում նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, որի շուրջ մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Ըստ ՀԿ-ի նախագահ Նարինե Սարգսյանի` առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստ է, և այն շուտով կտրամադրվի նախարարությանը:
Նախարարը հանդիպման ժամանակ խոսել է կրթական համակարգի հիմնախնդիրների, ուսումնական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված գործողությունների և ապագային միտված ծրագրերի մասին: Նա ներկաներին ողջ կյանքի ընթացքում շարունակական կրթություն ստանալու կոչ է արել:
«Վստահ եմ, որ մոտակա տարիներին հաջողության, բարեկեցության և երջանկության համար մարդկային մրցավազքը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, խարսխված է լինելու հիմնականում գիտելիքի հզորության և այդ գիտելիքն օգտագործելու հմտությունների վրա»,-ասել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն կրթության հիմնախնդիրներին` նախարարը նշել է, որ այս գործընթացում առաջնային է մարդկային մտածելակերպի փոփոխության խնդիրը և տեղեկացրել, որ մոտ ապագայում նախատեսվում է շրջանառության մեջ դնել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որում առկա է նաև հակակոռուպցիոն բաղադրիչ:
Հանդիպման ավարտին մասնակիցները նախարարին հրավիրել են մասնակցել օգոստոսին Աղվերանում կայանալիք հակակոռուպցիոն ճամբարին: