«Ոսկե ծիրան». Մեկնարկը` վաղը
Վաղը մեկնարկելու է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս 7 տարիների ընթացքում Հայաստան է բերել կինոաշխարհի հայտնի շատ դեմքերի: Այս տարի նույնպես երևանյան փառատոնը հայտնիների պակաս չի ունենա: Հենց այսօր երեկոյան Հայաստան են ժամանելու իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն, ֆրանսիացի ռեժիսոր Դենինը, կանադահայ ռեժիսոր, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանն ու նրա կինը` Արսինե Խանջյանը:
Վաղն արդեն տեղի կունենա ավանդական ծիրանօրհնեքը (Սուրբ Զորավոր եկեղեցի), ինչն էլ կխորհրդանշի փառատոնի մեկնարկը:
Վաղը նախատեսված է նաև Մոսկվա կինոթատրոնի առջև աստղերի ճեմուղու բացումը (Համո Բեկնազարյան, Ռուբեն Մամուլյան, Սերգեյ Փարաջանով ու Անրի Վերնոյ): Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ցուցադրվելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Նշենք, որ այս տարի լրանում է Ա. Վեռոյի 90-ամյակը:
Այս տարի առաջին անգամ փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի է ունենալու նաև ջազ համերգ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ անցկացվելու են վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ, գերմանական, ֆրանսիական կինոյի օրեր, հոբելյանական երեկոներ` նվիրված Հենրիկ Մալյանի 85-ամյակին, Ալբերտ Յավուրյանի 75-ամյակին:
Այս տարվա փառատոնի նորություններից է նաև «Երևանյան գիշերներ» ծրագիրը. Սիրահարների այգում ներկայացվելու են փառատոնային ֆիլմերը:
Կինոփառատոնը, քաջալերելով տարածաշրջանային երկրների կինոգործիչների միջև համագործակցությունն ու համարտադրությունը, դրան նպաստելու համար կազմակերպում է համաժողովներ` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:
Նշենք, որ փառատոնային անակնկալները, միջոցառումներն այսքանով չեն սահմանափակում. «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը հարուստ է բազմաբնույթ մշակութային նախագծերով ու միջոցառումներով` հայ հանդիսատեսին ընտրության հնարավորություն ընձեռելով:
Կինոփառատոնը ներկայացնելու է 3 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև Հայկական համայնապատկեր: Փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 120 ֆիլմ: Շատ ֆիլմեր արդեն մասնակցել են տարբեր փառատոների ու արժանացել մրցանակների:
Ինչպես հայկական ծիրանը, այնպես էլ «Ոսկե ծիրանը», կարծես թե դարձել են մեր երկրի «խորհրդանիշը»: Ինչպես վկայում են կազմակերպիչները, շատ հաճախ են համաշխարհային կինոաշխարհի ներկայացուցիչների մոտ «Ոսկե ծիրանը» «ասոցացվում» Հայաստան երկրի հետ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: «Ոսկե ծիրան» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները