5500-ամյա կոշիկն այժմ ցուցադրվում է պատմության թանգարանում
5500-ամյա հայկական հնագույն կոշիկն արդեն երկու շաբաթ է`ցուցադրության է ներկայացված Հայաստանի պատմության պետական թանգարանում: Թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ անհրաժեշտ պայմաններն ստեղծված են թանգարանում կոշիկի պահպանության համար` 30 աստիճան խոնավություն ու բավարար չափի լույս:
Անելկա Գրիգորյանի խոսքով, կոշիկի ցուցադրությունը թանգարանում մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր նրանց շրջանում, ում հետաքրքրում է նախնադարը, բրոնզե դարը, ընդհանրապես հնագիտությունը: «Շատ մարդիկ են գալիս դիտելու բացառիկ ցուցադրությունը», -նշեց տիկին Գրիգորյանը: Նկատենք, որ թանգարանի մուտքն արժե 1000 դրամ:
Նա նաև հավելեց, որ կոշիկի հետագա պահպանությունն ապահովելու համար դիմել են Երևանի մետրոպոլիտենին, Մատենադրանին: Դեռևս, սակայն պատասխան չի ստացվել:
5500-ամյա կոշիկը պահպանվել է Արենիի քարայրում, քանի որ այնտեղ դրա համար անհրաժեշտ երեք գործոններն առկա են եղել` կայուն ջերմաստիճան, քարանձավում բացարձակապես չոր է եղել ու կոշիկը կարծր կեղևով փակված է եղել:
Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Արեշյանը, ով Արենիի քարայրում պեղումներ իրականացնող արշավախմբի համանախագահն է մի առիթով նշել էր, որ երբ գտել են կոշիկն այն ամբողջովին ճկուն է եղել, սակայն այժմ այն բոլորովին չի ճկվում և քարացել է: «Կոշիկը օրգանական նյութից է պատրաստված, դրա համար էլ կա պահպանության խնդիր: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք կռահել, որ 5-7 տարվա ընթացքում այն կսկսի ճաքճքել, իսկ 15 տարի հետո մենք այդ կոշիկը չենք ունենա»,- ասել էր նա:
Ըստ պրոֆեսորի` այդ կոշիկի ռեստավրացիան այդքան էլ բարդ գործ չէ, քանի որ նման տիպի գտածոները երկար տարիներ պահելու համար աշխարհում կան մի շարք մեթոդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան