Սանահինի վանքի տարածքում տեղադրվեցին բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, և ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպությունը, հայտարարում են, որ «Ճանաչեք հայկական հուշարձանները» 2010թ. ծրագրում ընդգրկված հերթական պատմամշակույթային ժառանգության վայրում` հարուստ պատմությամբ և հիասքանչ բնությամբ օժտված Լոռու մարզի Սանահինի վանքում, պատրաստվել և տեղադրվել են բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակներ:
«Տևական ժամանակ կյանքի կոչվող այս ծրագրի հիմքում մեր արմատներին մոտ լինելու և հայի անցած ուղին ճանաչելու ձգտումն է: Տեղեկատվության բացակայության դեպքում պատմական այս հուշարձանից ստացած տպավորությունն այլ է, հակառակ դեպքում` բոլորովին այլ: Համոզված ենք, որ այս վահանակները այցելուներին հնարավորություն կտան զգալ Բագրատունիների շունչը կամ առավել լիարժեք պատկերացում կազմել Գրիգոր Մագիստրոսի իմաստնության մասին»,-վստահություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սանահինի վանքը Լոռու մարզում գտնվող Հաղպատ վանքի հետ միասին գրանցված է Համաշխարհային ժառանգության ցանկում և ճանաչված է որպես բացառիկ համընդգրկուն արժեք, որը ենթակա է պահպանության որպես համայն մարդկության ժառանգություն: Այս հիասքանչ համալիրը առանձնանում է ճեմարանով, ձեռագրատնով, ինչպես նաև բազմաթիվ եկեղեցիներով, մատուռներով և դամբարաններով:
Թեև Սանահինի, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Հաղպատի վանական համալիրները պատմական միևնույն ժամանակաշրջանի ուղերձի ու ոգու կրողներն են, սակայն յուրաքանչյուրն ունեցել է ուրույն դերակատարություն` որպես նշանավոր գիտակրթական, մշակութային և հոգևոր կենտրոն:
Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ըստ ավանդության, վանքը հիմնարկվել է 4-րդ դարում` երբ կանգնեցվել է Սբ. Նշանը` խաչը: ՙՍանահին՚ անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությաբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը:
Հետագայում, հանդիսանալով Կյուրիկյան թագավորների վարչական կենտրոնը և նախարարական տան տոհմական դամբարանատեղին (մինչև 12դ. կեսը), Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը (մինչև 11դ. կեսը) վանքը կառուցապատվել է բազմաթիվ կրոնական և քաղաքացիական շինություններով: Երկու վանքերում էլ, և հատկապես Սանահինում դասավանդվում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ (քննախոսություններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները:
Սանահինի վանական համալիրը բաղկացած է հինգ եկեղեցիներից, երկու գավիթներից, ակադեմիայից, գրատնից, զանգակատնից, տոհմական դամբարաններից և երբեմնի ամուր պարսպապատով շրջափակված այլ շինություններից: Հիմնական կառույցները խմբավորված են գլխավոր եկեղեցու շուրջը` կազմելով մեկ միասնական ամբողջություն:
Համալիրի կենտրոնում է գտնվում Սբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է Բագրատունիների կողմից` 928 - 944 թվականների ընթացքում: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև գմբեթավոր կառույց է` չորս անկյուններում երկհարկ ավանդատներով: Թմբուկն ու գմբեթը վերակառուցվել են հավանաμար 1652թ. վերանորոգման ժամանակ` Սարգիս Ուստայի և նրա աշակերտների կողմից, որի մասին է վկայում պահպանված շինարարական արձանագրությունը:
Սբ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ է կառուցված չափերով ավելի մեծ Սբ Ամենափրկիչ Կաթողիկե եկեղեցին (966թ.), որի պատվիրատուն Խոսրովանույշ թագուհին է`Բագրատունի Աշոտ Գ Ողորմած թագավորի տիկինը: Այս հոյակերտ եկեղեցին ևս ունի գմբեթավոր խաչաձև հորինվածք և իր դիրքով իշխում է համալիրի մյուս կառույցներին:
Սանահինի բարձրարժեք խաչքարերից հատկապես ուշագրավ են Սբ Աստվածածին եկեղեցու արևելյան կողմում գտնվող Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը (1184թ.) և Սարգսի (1215թ.) խաչքարը, որոնք խաչքարային արվեստի իսկական գլուխգործոցներ են:
Ճեմարանը կամ «Մագիստրոսի ակադեմիան» կազմում է Սբ Աստվածածին եկեղեցու գավթի շարունակությունը. այն 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին բնորոշ քաղաքացիական ճարտարապետության օրինակ է. երկայնական պատերին հպված կամարներով ձևավորված են որմնախորշեր, որ հավանաμար ծառայել են իբրև նստարաններ: Այս երկարավուն սրահը համարվում է Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, ուր նա դասախոսություններ է կարդացել: Ճեմարանում առավելապես դասավանդում էին հումանիտար գիտություններ, սակայն, ինչպեսև Հաղպատում, այստեղ էլ գրվում էին քննախոսություններ, ուսուցանում էին փիլիսոփայություն և գեղագրություն, մանրանկարչություն:
ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են հովանավորների` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի (Հայաստանում և այս տարածքում բջջային կապի առաջատար oպերատորի), Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
ԱՄԱՓ-ի գործընկերներն են Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն (ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ), Մայր Աթոռ Սուրμ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Մատենադարանն ու ՀՀ Կապի և տրանսպորտի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունը, և Հայաստանի զբոսաշրջային գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան