Ադրբեջանցի ոստիկանները սպառնացել են «կտրել» ընդդիմադիր գործչի գլուխը
Նախօրեին, Նախիջևանի ոստիկանության 15 սպաներ ներխուժել են ընդդիմադիր «Ումիդ» կուսակցության Նախիջևանի շրջանի ղեկավար Ֆայիկ Ալիևի բնակարան և սպառնացել են կտրել վերջինի գլուխը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Անկոչ հյուրերի թվում են եղել ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Գուլու Ռուստամովը, բանդիտիզմի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Ասկեր Գուլիևը:
Ընդդիմադիր գործիչը ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել: Ոստիկանները կոպիտ վերաբերմունք են դրսևորել նաև ընդդիմադիր գործչի կնոջ նկատմամբ:
Ոստիկանները Ֆ. Ալիևից պահանջել են ներկայանալ ոստիկանություն, ինչից հետո ընդդիմադիր գործիչը զանգահարել և դեպքի մասին տեղյակ է պահել լրագրողներին և իրավապաշտպաններին: Ֆ. Ալիևն ասել է, թե ինքն այդպես էլ չի իմացել, թե ինչու են ոստիկանները իր բնակարան ներխուժել: Սակայն նա չի բացառել, որ դա կապված է ընտրական գործընթացների հետ: Բանն այն է, որ Ֆ. Ալիևը` որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու, ընդգրկված է «Ումիդ» կուսակացության խորհրդարանական ցուցակում: Նա նաև տեղեկացրել է, որ իր հեռախոսին անանուն զանգեր են հնչել` սպառնալիքներով ու զգուշացումներով:
Ըննդիմադիր գործիչը միջադեպից հետո զանգահարել է ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովին: Նա նշել է, թե իբր ոստիկանները նրա տուն «սխալմամբ են» ներխուժել՝ հավելելով, որ այդ օպերացիան այլ հասցեում պետք է իրականացվեր: