Կլաուդիա Կարդինալեի երազանքը կատարվել է, բայց նեղվում է հայաստանյան շոգից
Առաջին անգամ լինելով Հայաստանում ու ավելի մոտիկից ծանոթանալով հայ կանանց հետ` Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում հայ մոր կերպար կերտած իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն` նույն կերպարը կրկին մարմնավորելու դեպքում, այնուամենայնիվ, որևէ բան չէր փոխի: «Ոչինչ չէի փոխի, բացի այդ` հայերն ու իտալացիները իրար մի քիչ նման են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան այցելած Կլաուդիա Կարդինալեն:
Միաժամանակ ասաց, որ ինքը հետևել է ռեժիսորի խոսքին ու արել է այնպես, ինչպես ռեժիսորն է ասել. «Ամենակարևորը դերասանի ու ռեժիսորի միջև հարաբերություններն են, որովհետև դու պետք է դառնաս այն, ինչ ուզում է ռեժիսորը»: Կ. Կարդինալեն դեռևս իր կարիերայի սկզբից է ծանոթ եղել Ա. Վեռնոյի հետ: Դերասանուհին ասաց, որ մինչև այդ ֆիլմում նկարահանվելը, ինքն արդեն իմացել է Հայոց ցեղասպանության մասին:
Նշենք, որ դերասանուհու երազանքներից մեկը եղել է հենց Հայաստան այցելելը, սակայն դեռ չի հասցրել շատ վայրերում լինել: «Կցանկանայի ժամանակ ունենալ` մի քիչ ճամփորդելու Հայաստանով, բայց մյուս անգամ»,- ասաց նա:
Դերասանուհին այնքան էլ ծանոթ չէ հայկական մշակույթին, բայց ասաց, որ այստեղ իրեն շատ գրքեր են տվել ու վերադառնալուց հետո` կծանոթանա դրանց, ինչպես նաև` կդիտի հայկական ֆիլմեր:
Իսկ թե ինչպիսի՞ տպավորություն է ստացել «Ոսկե ծիրան» կինոփառատոնից այն դեպքում, երբ եղել է տարբեր հայտնի կինոփառատոներում, դերասանուհին ասաց, որ իր տպավարությունն այնպիսին է, որ փառատոնը հաջողություն ունի, քանի որ նախօրեին բացման արարողության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: «Գեղեցիկ փառատոն է, երեկ էլ լավ անցավ: Միակ խնդիրը` շոգն է: Ընդունելությունն էլ էր շատ ջերմ»,- ասաց նա ու հաջողություն մաղթեց հայաստանյան փառատոնին:
Ասուլիսին ներկա Հայաստանում Իտալիայի արակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ իտալացի հանրահայտ դերասանուհու այցով հայ-իտալական մշակութային հարաբերությունները կարևոր փուլ մտան:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց հենց «Մայրիկ» ֆիլմով: Այս տարի լրանում է ֆիլմի ռեժիսոր Անրի Վեռնոյի 90-ամյակը: Բացման արարողության ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին հանձնել է մշակույթի նախարարության ոսկե մեդալը։ Այսօր հարգանքի տուրք է մատուցվելու դերասանուհուն և շնորհվելու «Փարաջանովյան թալեր» մրցանակ` կինոյում ունեցած մեծ ներդրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները