Ս. Ավեդիքյան. Վախենալու բան չկա… ձգտում է պետք
«Վախենալու բան չկա. եթե կա ցանկություն, ձգտում, կարող ես աշխատել նաև թուրքերի հետ: Արվեստը, կինոն կարող են մեծ դեր խաղալ՝ աշխատանք կատարելով քաղաքացիական հասարակության շերտերում: Քաղաքական գործիչներն իրենց գործն են անում, իսկ ստեղծագործողները, եթե, իհարկե, աշխատում են ազատ, այլ ոչ թե իշխանությունների ճնշման ներքո, պետք է իրենց ճանապարհով գնան ու համագործակցեն»,- լրագրողներին ասաց ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ով «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գտնվում է Հայաստանում:
Նշենք, որ ռեժիսորը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Շների կզղի» կամ «Շների պատմություն» ֆիլմի համար: Ֆիլմը ֆրանս-թուրքական արտադրության արդյունք է: Ֆիլմն ունի նաև թուրքերեն վերնագիր, որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «Անիծված կղզի»: Ըստ պաշտոնական տվյալների` 1910 թ. Կոստանդնուպոլսում շուրջ 100 հազար շուն է եղել: Գալով իշխանության` երիտթուրքերը մեկ գիշերվա ընթացքում 30 հազար շուն են ոչնչացրել:
Ֆիլմը ներկայացվելու է Հայաստանում սեպտեմբերին կայանալիք «Ռեանիմացիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնին, ցուցադրվելու է նաև թուրքական հեռուսաալիքով: Ռեժիսորն ասաց, որ իրեն ու իր այդ ֆիլմը հրավիրել են «Անթալիայի» կինոփառատոնին:
Ս. Ավեդիքյանը նշեց, որ այժմ նկարահանում է մեկ այլ փաստագրական ֆիլմ, որը առաջինի շարունակությունն է` «Քրոնիկ` Ստամբուլի փողոցային շների»: Ֆիլմը կրկին ֆրանս-թուրքական համատեղ արտադրություն է լինելու: «Դեռևս երիտթուրքերը ցանկանում էին Թուրքիան տանել եվրոպականացման ուղով: Սակայն նրանք մեկ գիշերվա մեջ միանգամից ոչնչացրեցին 30 հազար շան: 100 տարի անց նրանք գրեթե նույնն բան են ուզում. ցանկանում են եվրաինտեգրվել, սակայն երբ Եվրոպան պահանջում է, որ որևէ գործ անեն` դեմոկրատիայի չափանիշներին համապատասխան, կամ Հայոց ցեղասպանության հարցում փոխեն իրենց դիրքորոշումը, նրանք հակառակն են անում»,- ասաց Ս. Ավեդիքյանը:
Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, սցենարների հեղինակ, պրոդյուսեր Սերժ Ավեդիքյանը ծնվել է Երևանում` 1955 թ. դեկտեմբերի 1-ին: Արդեն երկար տարիներ ի վեր բնակվում է Ֆրանսիայում: Առաջին ֆիլմը նկարահանել է 1979 թ., վերջինը` 2009-ին: Ընդհանուր առմամբ` նկարահանել է 51 ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին