Մեկնարկում են Զբոսաշրջության երրորդ և դեղագործության առաջին «Ամառային դպրոց» դասընթացները` ուսանողների համար
Զբոսաշրջության և դեղագործության ոլորտներում կրթության որակը բարձրացնելու, ինչպես նաև կրթական հաստատություններում ուսուցանվող գիտելիքների ու գործատուի կարիքների միջև անհամապատասխանությունը հարթելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի նախաձեռնությամբ այսօրվանից մինչև 30-ը երկու ուղղություններով անցկացվում են ամառային դասընթացներ: Զբոսաշրջության ոլորտի համար դասընթացներին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Երևանի պետական հումանիտար քոլեջի, Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի մոտ 40 ուսանող, և, համապատասխանաբար, 30 ուսանող դեղագործության ոլորտը ուսումնասիրող` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, ԵՊՀ դեղագործական քիմիայի ֆակուլտետից, Մեհրաբյան բժշկական ինստիտուտից:
Դասընթացների մասնակիցները գիտելիքներ կստանան իրենց ոլորտների ամենատարբեր սեգմենտների վերաբերյալ, կքննարկեն առանձին մասնագիտությունների համար պահանջվող անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, կծանոթանան տվյալ բնագավառում բիզնեսի կազմակերպման և կառավարման միջազգային փորձին, կսովորեն մշակել ռազմավարական հայեցակարգ, ձևավորել աշխատանքային պլան և համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ:
Դասընթացները կվարեն CAPS ծրագրի մասնագետները և ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարները: «Ամառային դպրոցի» շրջանավարտները CAPS ծրագրի կողմից կստանան մասնակցության վկայականներ:
CAPS ծրագրի Աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերդյանի խոսքերով. «Մեր այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նպաստել ուսանողների գիտելիքների խորացմանը, ոլորտների հիմնախնդիրների շուրջ իրազեկության բարձրացմանն ու կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությանը: Բացի այդ, նախագիծը նույն ոլորտն ուսումնասիրող տարբեր կրթօջախների ուսանողների համար շփման հիանալի հնարավորություն է»:
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ/«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը (CAPS) տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի մասնավոր հատվածին վերջինիս` Հայաստանում, տարածաշրջանում և միջազգային շուկայում արդյունավետ մրցելու նպատակով: CAPS-ը աշխատում է Հայաստանի ՏՏ, զբոսաշրջության, դեղագործության և ճարտարագիտական ծառայությունների կլաստերների հետ` միջազգային շուկայում մրցունակ ապրանքների և ծառայությունների հատկորոշման և դրանք ապահովող կայուն ընկերությունների ստեղծման ուղղությամբ: CAPS-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում տարբեր ձևաչափերով` ընկերություններին տրամադրվող խորհրդատվություն, գործարար միությունների ունակությունների ամրապնդում, քաղաքականության ոլորտում ուսումնասիրությունների իրականացում և շահերի պաշտպանություն, հանրային լուսաբանում, աշխատուժի ուսուցում և մասնավոր ու պետական հատվածների համատեղ ուժերով նախաձեռնությունների մշակում: