Այսօր դիմորդները հանձնեցին միասնական լրացուցիչ վերջին քննությունը
Այսօր դիմորդները հանձնել են միասնական քննությունների երկրորդ փուլի վերջին քննությունը`օտար լեզուներից: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, այսօր անցկացվող քննությունների համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել էր մեկական քննական կենտրոն:
Նա նշեց, որ անգլերենի քննությանը մասնակցելու համար Հայաստանից և ԼՂՀ-ից ԳԹԿ դիմում-հայտ էր ներկայացրել 295 դիմորդ, ֆրանսերենից` 10 դիմորդ, գերմաներենից`33, պարսկերենից և իսպաներենից` մեկական դիմորդ:
Ամփոփելով այս տարվա միասնական քննությունները` Գ. Մանուկյանը նշեց, որ այս տարի միասնական քննությունների երկու փուլն էլ անցել է անցյալ տարվա համեմատ` շատ ավելի կազմակերպված: Ինչ վերաբերում է ընդունելության շեմային միավորին, ապա այս տարի քննությունների միջին միավորները հուշում են, որ, հավանաբար, ընդունելության միջին միավորներն ավելի ցածր կլինեն` քան անցած տարիներին: