Ձեռնամարտ` Թուրքիայի մեջլիսում
Թուրքիայի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունն է բնորոշում. «Մեջլիսում ամեն բան նույնն է, նորից բռունցքներ են թափահարվում»:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) լիագումար նիստի ժամանակ, երբ քննարկվել է 8 նոր համալսարաններ հիմնելու մասին օրինագիծը, վեճի են բռնվել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յըլմազ Թանքութը (Ադանա) և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուհյեթթին Աքսաքը (Էրզրում): Վերջինս Թանքութի ելույթից հետո անմիջապես տեղից կտրուկ արձագանքել է. «Նախ լսիր, հասկացիր, ապա նոր խոսիր»: Այնուհետև վեճը թեժացել է և վերածվել ձեռնամարտի: Պատգամավորներին հաջողվել է բաժանել նրանց: Թանքութը բղավել է, թե դեռ հաշվեհարդար է տեսնելու: Նշվում է, որ նիստերի դահլիճից դուրս ևս հիշյալ կուսակցությունների պատգամավորները փորձել պարզել իրենց հաշիվները: