Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ուղերձ է հղել Ալիևին՝ ի պաշտպանություն բլոգերների
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել` ի պաշտպանություն շինծու մեղադրանքի հիման վրա ազատազրկված բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլիի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված են բլոգերների նկարները և տեղեկություններ այն մասին, թե ինչ պատճառներով են վերջիններս ազատազրկման ենթարկվել: Տեղեկատվության մեջ նշվում է, որ բլոգերների ձերբակալության և ազատազրկման պատճառը, սոցիալական ցանցում նրանց կողմից իրականացրած հասարակական-քաղաքական գործունեությունն է եղել, մասնավորապես` Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ վերջիններիս նկարված տեսահոլովակը:
Չնայած այն հանգամանքին, որ դատարանը չկարողացավ ապացուցել ներկայացրած խուլիագանության մեղադրանքը, սակայն նրանք դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման` համապատասխանաբար:
Կայքի այցելուներին առաջարկվում է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակի տակ, որում այցելուներն իրենց մտահոգությունն են հայտնում «խղճի բանտարկյալների» ճակատագրի առնչությամբ:
«Լինելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից` Ձեր կառավարությունը պարտավորություն ունի պաշտպանելու խոսքի ազատությունը: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և հնարավորինս արագ ազատ արձակել Ադնանին և Էմինի»,- նշված է ուղերձում: