Բադրիջան Իլհամն ու ադրբեջանական ինքնության հիմնախնդիրը
Ադրբեջանի իշխանությունները որոշել են թույլատրելի անունների ցանկ կազմել, ինչպես նաև` վերանայել ադրբեջանցիների ազգանունները: Այս որոշումները լավագույնս բացահայտում են այդ երկրի ու այնտեղ ապրող մարդկանց առջև ծառացած մարտահրավերները:
Օրերս Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Ռասիմ Ալիղուլիևը հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարության պահանջով իրենք մշակում են անունների լուսացույց (светофор): Ըստ այդմ` 2010 թվականի վերջից Ադրբեջանում կսահմանվի կարգ, որով մարդկանց անունները կդասակարգվեն երեք խմբի:
«Կանաչ» ցուցակում կընդգրկվեն այն անունները, որոնք «համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարախոսական արժեքներին» և ազատ կթույլատրվեն:
«Դեղին» ցուցակում կընդգրկվեն անցանկալի այն անունները, որոնք «բարեհունչ չեն օտար լեզուներով»: Սրանք որոշակի սահմանափակումների կենթարկվեն:
«Կարմիր» ցուցակում կընդգրկվեն արգելված անունները, որոնք «ադրբեջաներենով վիրավորական են հնչում» կամ կրում են «ադրբեջանցի ժողովրդի դեմ ագրեսիա իրականացրած անձինք»:
Այս անհեթեթությունն, ըստ Ռասիմ Ալիղուլիևի, արդեն ընթացիկ տարեվերջին, Ադրբեջանում իրավական ձևակերպումներ կստանա ու կսկսի կիրառվել:
Արդեն այսքանը միանգամայն բավարար է Ադրբեջանում իշխող անձանց հոգեկերտվածքի մասին բժշկական եզրակացություն կազմելու համար: Բայց որպեսզի առկա մտադրությունները հուշում են, որ սա շատ լուրջ մշակված քաղաքական գիծ է:
Խոսքն այն մասին է, որ Իլհամ Ալիևի աշխատակազմում զուգահեռ մշակվում է նաև ադրբեջանցիների ազգանունները վերանայելու մասին օրինագիծ: Ըստ այդմ` նախատեսվում է ռուսականացված «և», «ով» վերջավորությունների փոխարեն պարտադրաբար կիրառել ադրբեջանական վերջավորություններ` «լի», «օղլու», «գիլ»: Բայց այս հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Քանի որ Ադրբեջանում ամենուր ինքնության որոնումների մեջ են, նշված վերջավորությունների հարցում կասկածներ կան, և այժմ քննարկվում է կիրառության մեջ միասնական նոր վերջավորություն դնելու հնարավորությունը: Օրինակ Իլհամ Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչ Ալի Հասանովն այն կարծիքին է, որ քանի որ ինտերնետում ադրբեջանական տիրույթը կոչվում է «ազ» (Ադրբեջան բառի առաջին վանկը), կարելի է ազգանունների միասնական վերջավորություն ընտրել հենց «ազ»-ը:
Բնականաբար, այս դեպքում Ալի Հասանովը կդառնա Ալի Հասանազ: Իսկ եթե պարզվի, որ նրա անունը նախկինում կրել է ինչ-որ ագրեսոր, ապա նա կփոխի և օրինակի համար կընտրի վրացական Բադրի անունը` դառնալով Բադրի Հասանազ:
Բայց սա վերջը չէ: Ադրբեջանի որոշ ինտելեկտուալ շրջանակներ առաջարկում են միասնական վերջավորություն ընտրել «ջան» բառը` «Ադրբեջան» բառի վերջին վանկը: Բարեփոխումների հեղինակ Նիզամի Ջաֆարովը այս տարբերակն ընդունելի է համարել ու խոստացել է քննարկել: Եթե ընդունվի այս տարբերակը, ապա պարոն Ջաֆարովը այդուհետ կդառնա Ջաֆարջան: Բնականաբար, Հասանովն էլ` Հասանջան:
Հարց է ծագում` նոր պայմաններում ինչ անուն-ազգանուն պետք է կրի երկրի անփոփոխ լիդեր Իլհամ Ալիևը: Եթե օրինակ ընտրվի «ջան» տարբերակն ու «Ալի»-ն շարունակի մնալ անունների «կարմիր» ցուցակում, կնշանակի, որ Ալի Հասանովին ընդօրինակելով Ալիևը կարող է հանգիստ դառնալ Բադրիջան` Իլհամ Բադրիջան: Կարծում ենք` այս տարբերակը Ադրբեջանի ազգային, մշակութային ու գաղափարախոսական արժեքներին միանգամայն համապատասխան է և կարելի է արդեն իսկ ընգրկել «կանաչ» ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա