Մեկ տարի անց. Էստեմիրովային սպանողի անձը պարզվել է
Իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովային սպանողի անձը պարզվել է, սպանության պատվիրատուն կհայտնաբերվի: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Հիշեցնենք` իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովային նախորդ տարվա հուլիսի 15-ին Գրոզնիում փախցրել էին իր տան մոտից, իսկ նույն օրը Ինգուշեթիայում նրան գտել էին արդեն սպանված:
«Ճիշտ չէ ասել, որ հետաքննություն չի իրականացվում: Քննությունն իրականացվում է ողջ թափով: Բացի այդ` երբեք չի լինում, որ նման գործերով արագ արդյունքներ լինեն: Արդեն իսկ պարզված ու հաստատված է մարդասպանի անձը»,- ասել է Մեդվեդևը:
Մարդասպանին հայտնաբերելու համար, ըստ ՌԴ նախագահի, միջազգային հետախուզում է հայտարարված:
«Այժմ քննություն է կատարվում բացահայտելու ոչ միայն սպանությունը կատարողին, այլև պատվիրատուին: Իրավիճակը շատ պարզ է»,- հավելել է Մեդվեդևը:
Իր հերթին Անգելա Մերկելն ասել է, որ Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում Էստեմիորվայի սպանության հարցը քննարկվել է:
«Իրավական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ այս գործերի քննությունն արդյունք ունենա: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ դա հեշտ չէ»,- նկատել է Մերկելը: