Հիմնադրվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա
Ֆրանսահայ անվանի կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանի առաջարկով` ստեղծվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա: Այսօր երեկոյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան այցելած բոլոր սփյուռքահայ կինոգործիչները հավաքվելու են` խոսելու այդ առաջարկի մասին: Այսօր դրվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների միության հիմքը: Այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ըստ նրա` նման նախաձեռնության նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկներում բնակվող այն հայերին, որոնք ցանկանում են մտնել կինոոլորտ, դառնալ ռեժիսոր:
«Տաղանդավոր մարդիկ, որոնք ճարպիկ չեն, կողքից որևէ օգնություն չեն ստանում կամ հարուստ պապաներ չունեն, հաճախ են մնում ստվերում: Հարկավոր է օգնել նրանց»,- ասաց նա` հավելելով, որ պետք է այնպես լինի, որ հայերը ոչ թե որևէ հաջողության հասնելու համար խուսափեն իրենց ինքնությունից, այլ «ավելի ձեռնտու լինի հայ լինելը, հայկական արմատները պահպանելը, հայ կինեմատոգրաֆիստ կոչվելը»:
Ըստ նրա` ասոցիացիայի կենտրոնը լինելու է Հայաստանը, քանի որ «մենք ենք իրենց հայրը, մայրը»: «Մեր ղեկավարներն էլ արդեն սկսել են հասկանալ, որ կինոն կարևոր զենք է»,- ընդգծեց փառատոնի տնօրենը: Նա ասաց, որ ինքը հանդիպելու է վարչապետի, Սփյուռքի ու Մշակույթի նախարարների հետ: «Սկզբից պետք չէ փողի մասին խոսել: Եթե ցանկություն լինի, փող էլ կլինի»,- նշեց Հ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 11-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները