Ս. Կարապետյան. Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին` վրացակա՞ն. … «Նման բան 100 տոկոսով չկա»
Թեև Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ճարտարապետներ են գործուղվել Վրաստան` վրաց մասնագետների հետ քննարկելու Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հետ կապված խնդիրները, սակայն «նրանց Թբիլիսիում հյուրասիրել են ու իրենք էլ գոհ հետ են եկել»: Իսկ այսօր վրացիները փորձում են ապացուցել, որ այդ եկեղեցին ոչ թե հայկական է, այլ վրացական ծագում ունի: Այս մասին ասուլիսում ասաց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը` մի քանի անգամ ընդգծելով, որ «մենք անտարբեր ենք մեր արժեքների նկատմամբ»:
«Վրացիներն իրենք էին ասում, որ հայկական կողմի հետ պետք է համատեղ աշխատեն, իսկ հիմա էլ կանգնում ու ասում են, որ եկեղեցին վրացական ծագում ունի, քանի որ եկեղեցու տարածքից գտել են վրացերեն արձանագրությամբ տապանաքար»,- ասաց մասնագետը: Նա ասաց, որ այդ տապանաքարի վրա վրացերենով գրված է հայի անուն-ազգանուն, ով թաղվել է այդտեղ 18-րդ դարում:
Վրացական կողմը նաև ասում է, որ այնտեղ թաղված է սուրբ Գեորգիի աճյունը:
«Նման բան 100 տոկոսով չկա: Սա վրացիների հորինած հերթական հեքիաթն է, որով վրացիներն ուզում են իրենց ժողովրդի սիրտը տաքացնեն այդ եկեղեցու վրա»,- ասաց նա:
Ս. Կարապետյանը նշեց, որ վրացական կողմի նման պահվածքը սպասելի էր, քանի որ ծանոթ է նրանց` ուրիշի ունեցվածքը սեփականաշնորհելու սովորությանը:
Նա ասաց, թեև վրացիները եկեղեցու ավերումից հետո պետք է այնտեղ սկսեին մաքրման աշխատանքներ, սակայն դրանք իրականացրել են ասֆալտ քանդող գործիքների օգնությամբ:
Նշենք, որ Վրաստանի պետական բյուջեից 50.000 վրացական լարի կամ 26790 ԱՄՆ դոլար է տրամադրվել մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը` Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:
Հիշեցնենք, որ Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է:
Նախորդող նորություն` Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի նախագծա-նախահաշվային աշխատանքները հայկական կողմի հավանությանն արժանանալուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին