Վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել մեր ուժի հետ
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասել է. «Առաջին անգամն է, որ իր ելույթով Իլհամ Ալիեւը ուղղակիորեն իր անհամաձայնությունն է հայտնում ԵԱՀԿ եռանախագահների եւ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններին: Այս փաստաթղթերում հաստատագրված է, որ ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը` իրավական անվերապահ ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով:
Այս հաստատումը, ինչպես տեսնում ենք, կատաղության է հասցրել Իլհամ Ալիեւին եւ կառավարության նիստում ունեցած ելույթում նկատելի են հիստերիայի որոշակի նոպաներ: Այս ելույթով Ալիեւը ուղերձ է հղում ավելի շուտ միջազգային հանրությանը, համանախագահող երկրներին ու եռանախագահներին, քան հայկական կողմին:… Ադրբեջանում իշխում է մտայնությունը, որ ողջ երկրի ճակատագիրը կախված է նավթի խողովակից, եւ եթե այն փակվի, ապա պետության ու ժողովրդի ճակատագիրը վտանգված կլինի: Այս իրավիճակում Ալիեւը պատրանք ունի` ժողովրդին համոզելու, թե առանց նավթի էլ կարող են ապրել:
Բազմիցս արդեն հաստատել ենք, որ հայ գենը` իր մտավոր ու կազմակերպական կարողություններով, էապես գերազանցում է ադրբեջանականին: Վերջիններիս քանակը միշտ պարտվում է մեր որակին, սակայն նրանք այս հանգամանքը համառորեն չեն ցանկանում հաշվի առնել:
Մարդկային գործոնը ամենակարեւորն է: Իլհամ Ալիեւը 20 տարի առաջ երիտասարդ էր ու կարող էր ցույց տալ իր հայրենասիրությունը ռազմի դաշտում, սակայն երբ իր երկիրը պատերազմում էր, նա շատ հեռու էր փախել: Ադրբեջանի ռազմական նախարարը միայն պարտություններ ճաշակած գեներալ է: Մեր երկրի նախագահը, որպես զինվոր, մասնակցել է ազատամարտին առաջին օրվանից մինչեւ զինադադարը, եղել է Արցախի հաղթական բանակի հրամանատարը: Մեր պաշտպանության նախարարն ու բանակի հրամանատարական ողջ կազմը մարտական հաղթանակների ուղի անցած սպաներ են եւ ցույց են տվել մտքի ու բազկի իրենց ուժը: Վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ ու սթափվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա