«Լույս»-ը` Կառավարությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ, որոնք Հայաստանում են գտնվում հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով։ Այդ ծրագրի շրջանակներում ուսանողները կայցելեն Գյումրի, Ջերմուկ, Սևանի Ծաղկունք և Արցախի Վանք համայնքներ և կփորձեն իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Վարչապետն ընդգծել է, որ հիմնադրամի նպատակն է աջակցել տաղանդաշատ երիտասարդներին կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում ու նաև վստահություն հայտնել, որ «Լույս» հիմնադրամի հնարավորություններից օգտվող ուսանողների քանակն այս տարի կավելանա.
«Մեզ համար չափազանց կարևոր է ձևավորել նոր միջավայր, որն անվանում ենք Հայկական աշխարհ, և շնորհիվ այդ միջավայրի ստեղծելու ենք ձեզ համար ինքնազարգացման ու ինքնաիրացման բարենպաստ պայմաններ»,- ասել է Տ. Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը մատնանշել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` որպես Հայկական աշխարհի կառույցի դերի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ այդ կառույցները որոշիչ դեր ունեն Հայաստանի ազգային մրցունակության բարձրացման գործում։
Նրա խոսքերով, եթե ինդուստրիալ հասարակության տնտեսական համակարգի հենքն ապրանքների ու ծառայությունների արտադրությունն էր, ապա պոստինդուստրիալ հասարակություններում հենքային գործընթացը մտագործունեությունն է, այնպես որ ժամանակակից հասարակության կարևոր ապրանքը նոր գիտելիքն է, որն ունակ է որակապես փոխել հասարակության կազմակերպման բովանդակությունը։