Իրանահայ ռեժիսոր. Իրանացի ռեժիսորներն աշխատում են համամարդկային ֆիլմեր ստեղծել
Իրանահայ կինոռեժիսոր, դերասանուհի Մահայա Պետրոսյանը, ով «Ոսկե ծիրան» 7-րդ միջազային կինոփառատոնի շրջանակներում եկել է Հայաստան, ուրախ է, որ իր «Մի գեղեցիկ, ձյունոտ օր» ֆիլմը ցուցադրվում է հայրենիքում:
Նշենք, որ այս ֆիլմը ներկայացված է կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում:
Ֆիլմի մյուս ռեժիսորը` Ամիր Թուդե Ռուսթան ասաց, որ այս ֆիլմի վրա աշխատել են մեկ տարի. «Դժվարությունները ծագել են ինչպես եղանակի պատճառով, որը ոչ հաճախ էր մեր ցանկացածը լինում, այնպես էլ ֆիլմում նկարահանվող երեխայի, ում շատ դժվար էր համոզելը»:
Ֆիլմը Մ. Պետրոսյանի անդրանիկ ռեժիսորական աշխատանքն է:
Մ. Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե կնոջը դժվար չէ՞ ստեղծագործել Իրանում, ասաց. «Դժվար չէ, ընդհակառակը: Չնայած կանայք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, բայց վերջին տարիներին կինոյի բնագավառում ստեղծագործող կանանց թիվն ավելացել է: Կանայք գործունեություն են ծավալում նաև մշակույթի մյուս ոլորտներում ու գիտության մեջ»: Նա ասաց, որ կինոյի հանդեպ ուշադրությունը ևս աճել է. կինոյի ոլորտում սովորել ցանկացողների 60 տոկոսը կանայք են:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է արգելված նկարահանել իրանական կինոյում, Մ. Պետրոսյանն ասաց, որ արգելքները, որոնք բխում են կրոնից, հայտնի են թե' դերասաններին, թե' ռեժիսորներին և ոչ մեկը չի անցնում այդ սահմանը: Ըստ նրա` ֆիլմերում ռեժիսորները հեռու են մնում գռեհկություններից, դաժան տեսարաներից, պոռնոգրաֆիայից: «Իրանական կինոն այլ խոսք է ասում, լիովին այլ տեսակ է ներկայացնում: Չնայած սրան` կարողացավ իր ուրույն տեղը գրավել համաշխարհային կինոյում: Իրանական ֆիլմն աշխարհում ճանաչում է ստացել մարդկային և բանաստեղծական լինելու համար: Իրանացի ռեժիսորներն աշխատում են համամարդկային ֆիլմեր ստեղծել»,- ասաց իրանահայ ռեժիսոր Մ. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 11-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին