ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլար
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 15-ին հաստատել է 40 միլիոն դոլարին համարժեք գումարով` Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը (ՀԿՃԲԾ-ԼՖ2): Նշված ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը` գյուղական բնակչության համար երկրի հիմնական ճանապարհների ցանցի հասանելիության արմատական բարելավման և աշխատատեղերի ստեղծման հարցում:
Ինչպես տեղեկացնում են ՀԲ երևանյան գրասենյակից, այն Հայաստանին կօգնի նաև երկրի տնտեսության և նրա բնակչության բարեկեցության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հարցում:
Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով էլ ավելի կընդլայնվեն իրականացման ընթացքում գտնվող 190 կմ ճանապարհների բարելավման աշխատանքները: Ըստ տեղեկատվության, տարիների ընթացքում կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ոչ բավարար ներդրումները հանգեցրել են ճանապարհների ընդհանուր վատ վիճակի և դժվար անցանելիության, իսկ որոշ դեպքերում` այդ ճանապարհների բացարձակ անանցանելիության:
Գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող կենսական նշանակության ճանապարհների վատ և անբավարար վիճակը բացասաբար է անդրադառնում գյուղական կյանքի շատ ոլորտների վրա. կորսվում են գործարար հնարավորությունները, երեխաները դժվարանում են դպրոց հասնել, մարդկանց համար դժվար է անհրաժեշտության դեպքում շտապ բժշկական օգնություն ստանալ:
«Ինչպես և առաջին ծրագրի պարագայում, կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը նաև ժամանակավոր աշխատատեղեր կստեղծի գյուղական վայրերում, որոնք առավել ծանր հարված են կրել ճգնաժամից, և կբարելավի հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունը»,- նշել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն պրն. Ասադ Ալամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա