Ադրբեջանի նախագահի մատնանշած տնտեսական աճը շինծու է
ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն «Առավոտ»-ին ասել է. «Վերջին 2 ամիսներին մասնակցելով տարբեր համաժողովների` նկատել եմ, որ ադրբեջանական քարոզչական «լոլոները» որոշակիորեն փոխել են իրենց ուղղվածությունը: Իրենք խոսում են հիմնական 3 թեմաներից` նախ Ադրբեջանի տնտեսական հզորության եւ աննախադեպ ՀՆԱ-ի մասին` տպավորություն ստեղծելով, թե ի դեմս այդ երկրի` գործ ունենք աշխարհի ամենահզոր տնտեսական գերտերության հետ: 2-րդ շեշտադրումը որ անում են` այն է, թե իրենց ռազմական հզորությունն աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ չգիտես ինչ մակարդակներում: Եվ երրորդը, թե իրենք Ղարաբաղի հարցը լուծելու են ռազմական ճանապարհով, եթե սպառվի խաղաղ բանակցությունների ռեսուրսը»: Ի դեպ, Ն. Զոհրաբյանը հաշվել է, որ Ի. Ալիեւն իր վերջին ելույթում 18 անգամ պատերազմով է սպառնացել:
Ի դեպ, ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ ադրբեջանցի փորձագետները քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախարարների կաբինետում ունեցած ելույթը, որտեղ նա խոսել է Ադրբեջանի 15 մլրդ դոլարանոց բյուջեի և երկրի բազմաճյուղ տնտեսության մասին:
Փորձագետները Ադրբեջանի` վերջին 6 տարիների տնտեսական զարգացման ցուցանիշների գնահատման հարցում Ի.Ալիևի հետ համամիտ չեն:
«Վերջին 6 տարիներին Ադրբեջանում տնտեսական «զարգացումը» հիմնվել է նավթի գործոնի վրա: Այդ տարիների ընթացքում բյուջեի նվազագույնը 40 տոկոսը ձևավորվել է Նավթի պետական հիմնադրամից արվող տրանսֆերտների հաշվին: Համաշխարհային չափանիշներով` բյուջեում բնական հարստություններից ստացվող եկամուտների մասը չպետք է գերազանցի 25 տոկոսը: Ադրբեջանում այդ մասնաբաժինը նվազելու փոխարեն` գնալով ավելի է աճում: Տնտեսական աճ ապահովող շարժիչ ուժի 80 տոկոսը ձևավորվում է «սև ոսկու» հաշվին: Վերջին 6 տարիներին տնտեսական աճի հետ միասին աճել են կաշառակերությունը, կոռուպցիան և մենաշնորհը: Տնտեսական աճը հնարավոր է միայն ազատ շուկայի միջավայրում»,- ասել են ադրբեջանցի փորձագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա