Ադրբեջանում հեղեղումները շարունակվում են
Հորդառատ անձրևների հետևանքով Գուջառատ գետը դուրս է եկել ափերից և լուրջ վնաս հասցրել Շեքի քաղաքին և նրա հարակից գյուղերին (քաղաքը գտնվում է Բաքվից 300 կմ դեպի հյուսիս-արևմուտք): Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Թուրան»-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի 1/3 հատվածը ջրի տակ է մնացել: Շեքի քաղաքը Բաքվի մայրուղուն կապող հիմնական կամուրջներից մեկը քանդվել է: Քաղաքի բնակչությունը զրկված է գազից և խմելու ջրից:
Աղետի հետևանքով տուժած բնակիչներն օգնության ակնկալիքով դիմել են իշխանություններին, սակայն հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր աղետի պատճառած վնասների գնահատմամբ, դեռևս չի գործում: Սակայն տեղի իշխանությունները խոստովանել են, որ իրենք ինքնուրույն չեն կարող վերացնել աղետի հետևանքները: