«Օտարալեզու դպրոցների բացումը մրցակցություն կստեղծի»
«Օտարալեզու դպրոցների բացման շուրջ ստեղծված աղմուկը մի քիչ չափազանցված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը:
Ըստ նրա` ռուսական բոլոր դպրոցները փակելով` մենք շատ մեծ բան չենք շահել: «Փակելով ռուսական դպրոցները` հայոց լեզվի մակարդակը դպրոցներում պետք է բարձրանար, սակայն այսօր այն իրավիճակն է, որ դպրոցն ավարտելուց հետո բուհերում նորից դասավանդում են հայոց լեզու` դպրոցում բաց թողաց թերությունները շտկելու համար: Ես անբնական եմ համարում, որ 11 տարի դպրոցում սովորելուց հետո, բուհում նորից անցնում են հայոց լեզու»,- ասաց նա:
Նրա խոսքերով, այս 17 տարիների ընթացքում մեծ առաջընթաց չի գրանցվել հայոց լեզվի ուսուցման մակարդակը բարձրացնելու հարցում` «դա ապացուցում են այսօրվա դիմորդների գիտելիքները»: Ըստ նրա` փակելով ռուսական դպրոցները` մենք կորցրեցինք ռուսական մեծ մշակույթից օգտվելու հնարավորությունը:
Գագիկ Սարգսյանի կարծիքով, լեզուների ուսումնասիրությունը պետք է ավարտվի դպրցում: «Դպրոցը պետք է աշակերտներին լավ ուսուցանի գոնե երեք լեզու`հայոց լեզու, ռուսաց լեզու և մեկ այլ օտար լեզու»,- ասաց նա:
Նրա խոսքերով, եթե մեր հանրակրթական դպրոցները լուծեին լեզուների` բարձր մակարդակով ուսուցման խնդիրը, ապա օտարալեզու դպրոցների բացումը անհրաժեշտություն չէր լինի, սակայն մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու:
«Օտարալեզու դպրոցների բացումը մրցակցություն կստեղծի դպրոցների համար, որն էլ կնպաստի կրթական որակի բարձրացմանը»,- ասաց նա: Ըստ նրա, օտարալեզու դպրոցների բացումով մենք խորապես կծանոթանանք նաև օտար ազգերի մշակույթին, լեզուն ուսուցանելու տարբեր մեթոդների: