Թուրքիան ավելի անվտանգ է որպես թշնամի, քան իբրեւ «բարեկամ»
Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին աշխուժացումներին զուգահեռ, ակտիվանում է նաեւ թուրքական դիվանագիտությունը` փորձելով Հայաստանին ու հայությանը ներքաշել նորանոր ծուղակների մեջ: Այս մասին գրում է «Հայոց աշխարհը»:
Նախորդ ամիսներին խիստ ընդհանուր հայտարարություններով, երբեմն էլ դրանց ուղեկցող սպառնալիքներով համեմվող Թուրքիայի կեցվածքում կրկին նկատվում են կեղծ մեղմացումներ եւ Հայաստանի հետ երկխոսության` թվով երկրորդ պատրանքը ստեղծելու փորձեր:
Ճիշտ չի լինի այս ամենը պայմանավորել Արեւմուտքից Թուրքիայի վրա գործադրվող ուժեղ ճնշումներով, քանզի պաշտոնական Անկարան այս հարցում միշտ էլ կարողացել է «եղջյուրներ ցույց տալ»:
Հայկական ճակատում Թուրքիայի ներկա ակտիվացումը թելադրված է միայն ու միայն սեփական ազդեցությունը եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Արեւմուտքի շահագրգռության գործոնը Ղարաբաղյան բանակցային գործընթացի «կշեռքների վրա» նետելու ցանկությամբ:
Ինչպիսի՞ դիրքորոշում է հարկավոր որդեգրել նման թակարդների ծուղակը չընկնելու եւ Թուրքիայի իրական նպատակները բացահայտելու համար: Նախեւառաջ Հայաստանի կողմից պետք է շրջափակվեն Ղարաբաղյան բանակցային գործընթացին Թուրքիայի միջամտելու բոլոր ուղղակի եւ անուղղակի քայլերը, որոնցից վերջինը փորձ է արվում կապել Ալմաթիում շարունակվող ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի հետ: Երկրորդ` Հայաստանյայց եկեղեցու զույգ նվիրապետական աթոռները պետք է հստակորեն դիրքորոշվեն Աղթամարի տաճարում Թուրքիայի կողմից բեմականացվելիք շոուի հանդեպ եւ, կարծում ենք, այնտեղ կարիք չկա ուղարկել ո'չ հոգեւորականների, ո'չ էլ աշխարհականների: Գերված տաճարում ազատ մարդկանց աղոթքը չի կարող հասնել Աստծուն, ուստի հարկ է, որ նրան մասնակցեն միայն գերության մեջ գտնվող Թուրքիայի հայ քաղաքացիները: Երրորդ. հայ-թուրքական սահմանը մի քանի օրով բացել-փակելու խեղկատակությունները բացառելու նպատակով հարկ է հիշեցնել, որ դրա համար գոյություն ունեն քաղաքակիրթ աշխարհում ընդունված աշխատակարգեր` ստորագրվող եւ վավերացվող պայմանագրեր, ուստի եթե Թուրքիան շահագրգռված է հայ-թուրքական սահմանը բացելու հարցում, ապա քարոզչական քայլերի դիմելու փոխարեն կարող է վավերացնել իր ստորագրած փաստաթուղթը:
Այս ամենը բերում է մի շատ պարզ, բայց միանգամայն տրամաբանական եզրակացության` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համառ փորձեր անող Թուրքիան հայերիս համար ավելի անվտանգ է որպես թշնամի, քան իբրեւ «բարեկամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա