Դավութօղլուն հերքել է իր խոսնակին. Հայ-թուրքական սահմանը չի բացվելու
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, ըստ որի, Հայաստանում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի մարդասիրական զորավարժանքների շրջանակներում ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահմանը:
«Սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, այդպիսի բան երբեք մեր օրակարգում չի եղել: Այդ լուրերը ստահոդ են: Ես այդ մասին ասել եմ պրն Մամեդյարովին, ու թող ոչ ոք նման սպասելիք չունենա:»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս անդրադարձել է նաև Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացած բանակցություններին: Ըստ Դավութօղլուի` հակամարտության կարգավորման գործընթացին նոր արագություն է հաղորդվել: «Սա մեկ օրում լուծվելիք խնդիր չէ: Տարիների վաղեմություն ունի: Հավատացած եմ, որ ի վերջո լուծումը գտնվելու է», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու և գործընկեր պետությունների միջև համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրոատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ամենամյա ցամաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակցությունը, այդ թվում և` Թուրքիայի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները բացառիկ բնույթ են կրում և պայմանավորված է բացառապես զորավարժությունների անցկացման հետ: Օզուգերգինն ընդգծել է, որ սահմանը ժամանակավորապես է բացվելու և նպատակը զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան ցամաքային ճանապարհով Հայաստան փոխադրելն է: