Ավարտվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը. Ովքեր են արժանացել ոսկե և արծաթե ծիրանների
Ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ընթացքում ներկայացվել է մոտ 120 ֆիլմ, որոնցից 45-ը միջազգային 3 ծրագրում` միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական,
հայկական համայնապատկեր, դրանք դատել են 5 միջազգային ժյուրի:
Եվ այսպես:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Պավել Կոստոմարովին` «Երկուսով» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» մրցանակը`Վադիմ Յենդրեյկոյին` «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար:
Հայկական համայնապատկեր ֆիլմերի մրցութային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմին, հատուկ հիշատակում` Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմին:
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը ստացել է Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը, ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար:
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվել է Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվել է նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 11-ին: Այս տարի կինոփառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի ընթացքում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ` հարգանքի տուրք է մատուցվել` տոնելով հայ կինոյի նվիրյալների ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85 և օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակները, սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյան 50-ամյա հոբելյանները, փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի է ունեցել ջազ համերգ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ, անցկացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը և այն:
Փառատոնը Հայաստան էր բերել այնպիսի անվանի դերասանների, ռեժիսորների, ինչպիսիք են իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն, լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլք:
Փառատոնի փակմանը ներկայացվել է Ս. Ավեդիքյանի «Շների կզղի» կամ «Շների պատմություն» ֆիլմը, որն այս տարի Կաննի 63-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Նշենք, որ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը ազդարարելով «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի փակումը, միաժամանակ ազդարարեցին նաև 8-րդ փառատոնի բացումը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ կինոփառատոնն անցկացվել է 2004 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները