Ստամբուլի դատարանը մերժել է Դինքի հիմնադրամի հայցն ընդդեմ Թուրքիայի Գլխավոր շտաբի
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստել է 1915թ. պատմական անցքերի վերաբերյալ «Սարը Գելին - Հայկական հարցի էությունը» անվամբ խեղաթյուրված փաստերով վավերագրական ֆիլմը, որը DVD սկավառակների միջոցով ցուցադրվում է դպրոցներում: Ֆիլմի ցուցադրումը մանկահասակ աշակերտների շրջանում դադարեցնելու համար Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը հայց է ներկայացրել Ստամբուլի 9-րդ վարչական դատարան: Հիմնադրամի համոզմամբ` այդ ֆիլմը կարող է բացասաբար ազդել աշակերտների հոգեմտավոր աշխարհի վրա: Դատարանի կողմից, սակայն, հայցը չի բավարարվել: Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական գործակալության` դատարանի մերժման վճռում ասված է. «Հրապարակված մի շարք պատճառներից ելնելով` դատարանը միաձայն որոշում ընդունեց առանց հետազոտելու մերժել ներկայացված հայցը»: Նշենք, որ Դինքի հիմնադրամը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: