Լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումներն Ադրբեջանում շարունակվում են
ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտը հրապարակել է 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մամուլի վիճակի վերաբերյալ զեկույցը, որում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը ազատազրկման մեջ գտնվող ու հոգեբանական ճնշումների ենթարկված լրագրողների բարձր ցուցանիշով առաջ է անցել մնացած երկրներից: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշյալ ժամանակաշրջանում, թերթերի նկատմամբ 26 դատական հայտ է ներկայացվել, ընդ որում՝ դրանք բոլորն էլ մասնավոր հայցեր են եղել:
Այս տարվա առաջին կիսամյակում 57 լրագրող ֆիզիկական ճնշումների է ենթարկվել, սակայն այդ գործերը չեն հետաքննվել: Ֆիզիկական ճնշումների հիմնականում ենթարկվում են «Ազադլիգ» և «Զերկալո» պարբերականների լրագրողները, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ի տարբերություն հարևան երկրների, Ադրբեջանում էլեկտրոնային ԶԼՄ-ն ու ռադիոկայանները քիչ են: Նշվում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում տպագիր մամուլում որևէ առաջընթաց չի գրանցվել, փողոցներում թերթերի վաճառքի խնդիրը մնում է չլուծված:
Զեկույցի հեղինակներն իշխանություններին հորդորում են զրպարտանքի մասին օրենք ընդունել, կարգավորել դատարանների շինծու որոշումները, հետաքննել լրագրողների նկատմամբ իրականացված ֆիզիկական բռնության փաստերը: