«Առավոտ». Դպրոցները միայն պատրվակ էին օրենքում փոփոխություններ անելու համար
«Առավոտն» անդրադարձել է «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ օտարալեզու դպրոցների բացման խնդրին` նշելով, որ «Ռեջենտի դպրոցն» ու «Դիլիջան» միջազգային դպրոցը միայն պատրվակ էին օրենքում փոփոխություններ անելու համար: Իրականում առաջին դպրոցը տեսանելի ապագայում Հայաստանում չի բացվելու, ինչպես նշել է դպրոցի նախագահը, իսկ երկրորդի մասին դպրոցի նախաձեռնող խումբն իր հայտարարության մեջ ասել է, որ այս պահին դիտարկվում է նախագծի կասեցման հնարավորությունը: ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանն էլ օրերս հայտնելով վարչապետի տեսակետը` ասել է, որ հարցի վերաբերյալ հասարակությունում ընթացող քննարկումը կառուցվում է գաղափարական հիմքի վրա, եւ իրականում խնդիրը ոչ թե դպրոցներին է վերաբերում, այլ տարբեր աշխարհընկալումներին:
Թերթը եզրակացնում է, որ ՀՀ կառավարությունը միջազգային 2 դպրոցների հնարավոր բացումը պատրվակ դարձրեց` բացարձակապես այլ խնդիր լուծելու համար: Այս համատեքստում թերթը պատահական չի համարում պատմաբան, գրող Անդրեյ Էպիֆանցեւի` վերջերս արտահայտած միտքը. «Ինձ համար, իհարկե, հետաքրքիր կլինի, եթե Հայաստանում լինի ռուսական վերնախավ: Գուցե` պրոռուսական վերնախավ, որի հետ կարելի է խոսել նույն լեզվով` ոչ միայն լեզվական, այլ նաեւ հասկացությունների առումով»: