Եվրոպական դատարանը մերժեց ՀՀ քաղաքացիների հայցերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկու հայց էր ներկայացվել՝ պետության կարիքների համար օտարված հողամասերի և սեփականության դեմ վիճարկող դիմումատուների կողմից. Պապյանն ու Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև՝ Հովհաննիսյանն ու Գևորգյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով: Երկու գործերով էլ Դատարանը մերժել է ներկայացված հայցերը: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը:
Պապյանն ու Դավթյանը Հայաստանից պահանջել էին 349 հազար եվրո գումար, իսկ Հովհաննիսյանն ու Գևորգյանը՝ 1 միլիոն 997.565 եվրոյի փոխհատուցում՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:
Երկու գործով էլ կառավարությունն առարկություններ ներկայացրեց, քանի որ հայցվորները չէին սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները: Այն հանգամանքներն ու հարցերը, որոնք նրանք ներկայացրել էին եվրոպական դատարանի քննարկմանը, չէին ներկայացվել ներպետական դատարանների քննարկման, ինչը կառավարությանը հիմք տվեց առարկելու, թե չի պահպանվել կոնվենցիայի 34 հոդվածով սահմանված հստակ կանոնը, ըստ որի` ՄԻ Եվրոպական դատարան դիմելուց առաջ պետք է սպառվեն ներպետական պաշտպանության բոլոր միջոցները: Կառավարության այս առարկությունների հիման վրա դատարանը մերժեց քաղաքացիների հայցերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: