«ՄԵՀՐ». Իրանի և Ադրբեջանի միջև կնքված գազային պայմանագիրը հավանաբար չեղյալ կհայտարարվի
Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման մասին 2004թ. կնքված պայմանագիրը հնարավոր է, որ չեղյալ հայտարարվի: Այդ մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Ադրբեջանից օրական 1 միլիոն խորանարդ մետր գազ Իրանի տարածքով առաքվում է Նախիջևան: Սակայն վերջերս Ադրբեջանի, Թուրքիայի և Նախիջևանի միջև նոր պայմանագիր է ստորագրվել, ըստ որի` նախատեսվում է Ադրբեջանի տարածքից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա, որտեղից էլ առանց տարանցման վճարների Թուրքիան ադրբեջանական գազը կառաքի Նախիջևան:
Իրանցի փորձագետ Մահմուդ Խաղանիի կարծիքով Ադրբեջանի ղեկավարությունը, Թուրքիայի հետ կնքելով նոր պայմանագիր, ցանկանում է նվազեցնել տնտեսական կախվածությունն Իրանից:
Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» նախկին տնօրեն Սեյյեդ Ռեզա Քեսային «ՄԵՀՐ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ անցած 6 տարիների ընթացքում Իրանն անշեղորեն կատարել է պայմանագրի դրույթները, իսկ էներգետիկայի հարցերով փորձագետ Նարսի Ղորբանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում: