Դավութօղլուն բղավել է Քլինթոնի վրա. Milliyet
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի էլեկտրոնային կայքը, վկայակոչելով բրիտանական «Financial Times» օրաթերթին, տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նյարդայնացել է և դուրս եկել հավասարակշռությունից: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարը կորցնելով ինքնատիրապետումը մի քանի անգամ ձեռքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա: Պարբերականի տեղեկացմամբ` Դավութօղլուն հրաժարվել է պարզաբանումներ տալ այդ հարցի կապակցությամբ` ասելով միայն. «Ոչ մի երկիր օրենքից վեր չպետք է լինի»:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Դավութօղլուն մեկնել էր Վաշինգտոն Միջերկրական ծովում իսրայելցի ուժայինների կողմից ձերբակալված «Ազատություն» տորմիղի ուղևորներին վերադարձնելու հարցի շուրջ բանակցելու համար: