ՀՀ նախագահ. ««Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ և ասել.
«Այսօր չեմ ուզում խոսել գիտելիքի կարևորության մասին, քանի որ դուք դրանում համոզված եք, և այդ ճանապարհն եք ընտրել: Ես ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր ակտիվ դիրքորոշման համար: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` դուք կարողացել եք ընդունվել առաջանակարգ կրթօջախներ, և միաժամանակ, կարողացել եք ինքներդ հոգալ ձեր ուսման ծախսը. գտնել «Լույս» հիմնադրամը, պայքարել և այդ պայքարում հաղթող ճանաչվել: Սա շատ էական հանգամանք է, որովհետև գիտելիք ունենալը դեռևս քիչ է. պետք է կարողանալ այն համադրել ակտիվ դիրքորոշման հետ, և սա ձեր առաջին հաջողված փորձն է»:
Երկրի ղեկավարն նշել է, որ ներկայումս որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի մեծ պահանջարկ կա. «որոնցով մենք պետք է կարողանանք համալրել մեր պետական ապարատը, դրան նոր շունչ հաղորդել և դարձնել ավելի արդիական, իսկ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ունեն ակտիվ դիրքորոշում և պատրաստ են ծառայել մեր պետության հզորացմանը»:
Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ նշել է, որ եթե նրանցից որևէ մեկը կարողանա իր գործունեությունը շարունակել այնպիսի ոլորտներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնք Հայաստանում բացակայում են, դա միայն խրախուսելի կլինի, քանի որ շահավետ կլինի նաև մեր երկրի ու ժողովրդի համար:
Նախագահի խոսքով` նման պարագայում որևէ մեկը չի կարող նրանց կշտամբել, թե ինչու ընտրեցին այդ ճանապարհը, ինչու չվերադարձան Հայաստան. «Բայց եթե դուք Հայաստան չվերադառնալով դրսում անեք այն աշխատանքը, որ կարող եք այստեղ անել` ձեզ որևէ մեկը չի հասկանա»:
Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին և նշել, որ պետությունն իր հնարավորությունների շրջանակում շարունակելու է սատարել նրանց:
Սերժ Սարգսյանը ուսանողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Նախագահին` ուսանողներին աջակցելու նման հիմնադրամային ծրագրի համար և նշել, որ պարտքի մեծ զգացողությամբ են վերադառնալու Հայաստան` ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելու մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:
Նախագահը կարեւոր է համարել, որ նրանք կարողանան իրենց օրինակով ոգեւորել ավելի ու ավելի շատ երիտասարդների:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է «Լույս» հիմնադրամի կայացումը և նշել. «Սա ինձ համար նաև անձնական ուրախություն ու ոգևորություն է»:
Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է հավաստագրեր և հաջողություն մաղթել: Նշելով, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը` Նախագահը վստահություն է հայտնել, որ նրանցից շատերն իրենց գործուն մասնակցությունը կունենան մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
«Լույս» հիմնադրամի նախորդ և գալիք ուսումնական տարվա կրթաթոշակառուները Հայաստանում են Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով, որի շրջանակում ուսանողները հասարակական ակտիվ աշխատանք են տանում համայնքներում, փորձում իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները