Ռուս քաղաքագետ. «Մոսկվայում հասկանում են՝ Երևանից բացի այլ դաշնակիցներ չունեն»
«Չեմ կարծում, թե արժե լավատեսական կամ վատատեսական մոտեցումներ արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ամենից առաջ, պետք է գիտակցել, որ հիմնախնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը»,-«Դեյ.ազ» լրատվական կայքի հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշել է ռուս քաղաքագետ Ալբերտ Զուլխարնեևը:
Նրա խոսքերով, ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, և ո՛չ էլ Փարիզը չեն կարող ոչինչ անել, եթե նրանց ներկայացրած առաջարկներն ու տարբերակները չեն բավարարում կողմերի որևէ մեկին: Քաղաքագետի համոզմամբ, ԼՂ հիմնախնդիրը միայն հակամարտող կողմերը կարող են լուծել:
«Ոչ վաղ անցյալում ես Բաքվում էի, իսկ հետո Մոսկվայում հանդիպեցի Հայաստանի ներկայացուցիչներին և եկա այն եզրակացության, որ այսօր կողմերի դիրքորոշումները, ցավոք, միմյանցից շատ հեռու են »,- ասել է Զուլխարնեևը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կգնա Ռուսաստանը, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի՝ քաղաքագետը նշել է. «Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Նրա համոզմամբ, Մոսկվայում հասկանում են, որ Երևանից բացի իրենք գործնականում այլ դաշնակիցներ չունեն, և եթե չաջակցեն Հայաստանին, ապա ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների առաջ շատ տհաճ իրավիճակի մեջ կհայտնվեն: