Լեհ սենատորը հերքում է իրեն վերագրված հայտարարությունը
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի սենատոր, հայ-լեհական բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը Panorama.am-ի հետ զույցում հերքեց օրերս իր անունից հրապարակված լուրը և ասաց, որ հրապարակվածը միանգամայն հակառակն է այն ամենի, ինչ ինքն ասել է:
Մեր զրուցակցի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Աբգարովիչը հիմնախնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ. «Ադրբեջանը կարող է ստանալ Ղարաբաղի հարակից տարածքները, իսկ Ղարաբաղը պետք է ստանա միջազգային երաշխիքներ: Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով և որոշ ժամանակ անց միայն այնտեղ տեղի կունենա հանրաքվե»:
Աբգարովիչի խոսքերով, Ադրբեջանը չի համակերպվի Ղարաբաղի ինքնուրույնության հետ, քանի որ այնտեղ «երազում են Ղարաբաղը տեսնել իրենց կազմում»: «Բայց այդպես չի լինի. Ղարաբաղը պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Աբգարովիչը:
Իր անունից հրապարակված լուրը, թե «հակամարտությունը պետք է անհապաղ լուծել, քանի որ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը մի քանի տարիների ընթացքում կհանգեցնեն նրան, որ Բաքուն, առանց որևէ մեկի օգնության, երեք ամսվա ընթացքում տանկերով կմտնի Հայաստան ու ավերածություններ կանի», Աբգարովիչը հերքեց. «Ես նման բան չեմ ասել ու չէի կարող ասել»:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն Աբգարովիչը չի տեսնում. «Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը թույլ չեն տա, որ ռազմական գործողություններ տեղի ունենան»,- կարծիք հայտնեց լեհ սենտորը:
Նրա խոսքերով, անընդունելի են ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները: «Ռազմական հայտարարություններն ու գործողությունները դժվարին կդարձնեն բանակցությունների ընթացքը: Նման հայտարարություններ անելն անընդունելի է»,- հավելեց լեհ քաղաքական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան