Թուրքիայի պետնախարարն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան
Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան` տեսակցելու պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, ում վատառողջության պատճառով թուրքահայ համայնքը իշխանությունների թողտվությամբ անցած շաբաթ ընտրեց աթոռակից պատրիարք: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը:
Բաղըշը ափսոսանք է հայտնել, որ Մեսրոպ Մութաֆյանը վատառողջության պատճառով չի կարողանում ակտիվ մասնակցություն ցուցաբերել համայնքին ու պետությանը մատուցվելիք ծառայություններում: Մութաֆյանին անհրաժեշտ ապաքինում մաղթելով` թուրք պետնախարարը հաջողություններ է մաղթեց նորընտիր համապատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին իր ստանձնած պարտավարությունների կատարման գործում: Նշվում է, որ պատրիարքարանում Բաղըշը մնացել է շուրջ երկու ժամ, նրա հանդիպումները դռնփակ են եղել:
Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին` Էգեմեն Բաղըշը հույս է հայտնել, որ այդ օրը Թուրքիայի համար դրական իմաստով բեկումնային կլինի եվրաինտեգրման ճանապարհին: Ըստ նրա` Թուրքիան պետք է ազատվի զինվորականների գրած սահմանադրությունից: Նա օրինակ է բերել Հունաստանին, Պորտուգալիային և Իտալիային, որոնք զինվորական սահմանադրությամբ ժամանակին փորձում էին անդամակցել Եվրամիության, բայց անհաջողության մատնվեցին: Մինչդեռ բարեփոխելով երկրի մայր օրենքը` այդ պետություններն արագացրեցին իրենց եվրաանդամակցության գործընթացը: