Բաց նամակ`ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին
Մի քանի կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «11-րդ հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների մասնակից են եղել աշակերտների նկատմամբ տարաբնույթ բռնություններին կամ տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն հանցավոր անտարբերություն են ցուցաբերել: Լևոն Ավագյանի գործը վարող Երևան քաղաքի դատախազության քննիչ Կարեն Բատիկյանի խոսքերից բխում է, որ դպրոցի տնօրենի այժմյա պաշտոնակատար Լիլիթ Բերբերյանը նույպես մասնակցել է փաստերի կոծկման գործին: Աշխատանքային անձնակազմի որոշ անդամներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, որոնք տարօրինակ են հնչում կատարված ծանր հանցագործությունների ֆոնի վրա: Դրանից ելնելով՝ խիստ մտահոգություն է առաջացնում դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակը շտկելու համար, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝ ծառայողական քննություն անցկացնել դպրոցում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ, ուսումնասիրություն կատարել անձնակազմի մասնագիտական կարողությունների և ունակությունների վերաբերյալ, կատարել քննություն դպրոցում ընտանեկան և բարեկամական կապերի արդյունքում շահերի բախման խնդիրների շուրջ և կատարել համապատասխան կադրային փոփոխություններ»,-նամակում գրել են Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը: