Ադրբեջանում առեւանգել են պետական բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը, մեկ ուրիշն էլ փախել է իր կամքով
Վստահելի աղբյուրներից «Ազադլըգ»-ին հայտնի է դարձել, որ երեկ անհայտ անձինք առեւանգել են Ադրբեջանի բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոնյաներից մեկի կնոջը: Դեռեւս հայտնի չէ, թե առեւանգման հետեւում որ խմբավորումն է կանգնած, հայտնի չէ նաեւ, թե որն է առեւանգման նպատակը, քանի որ առեւանգողները դեռեւս ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Ադրբեջանական կառավարությունում այդ առիթով խուճապ է առաջացել:
«Ենի մուսավաթ»-ին էլ հայտնի է դարձել է, որ Ադրբեջանի նախարարներից մեկի կինն էլ փախել է իր մարզիչի հետ: Այդ մարզիչը պաշտոնյայի կնոջ հետ մարմնամարզության պարապմունքներ էր անցկացնում մասնավոր կենտրոններից մեկում: Նրանց միջեւ սկսված սիրո պատմությունը ավարտվել է դեպի Եվրոպա փախուստով: Թերթը գրել է, որ այդ միջադեպի մասին տեղյակ են վերեւներում: «Երեւում է` նախարարի ճակատագիրն արդեն որոշված է: Սակայն տուժած նախարարը ներկայումս երկրի համար այնպիսի առանցքային դիրք է զբաղեցնում, որ նրան աշխատանքից հեռացնելը կարող է ցնցել Ադրբեջանը: Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, նրան աշխատանքից կհեռացնեն ավելի հանգիստ մի պահի, մեկ այլ պատրվակով»,- եզրահանգել է «Ենի Մուսավաթը»: