Հայ երիտասարդները հնարավորություն կստանան կրթություն ստանալ Իտալիայում
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Տոսկանա նահանգի Ռոնդինե քաղաքում գործող «Խաղաղության ամրոց» (Ռոնդինե) կրթական ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է կրթության և գիտության նախարարությունում: Ողջունելով հյուրերին` ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը նշել է, որ «Խաղաղության ամրոց» կրթական ասոցիացիայի առաքելությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ գնահատանքի է արժանի և «Ռոդնինե» ասոցիացիայի ու Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջև ստորագրված փոխըմբռնման համաձայնագիրը հնարավորություն կտա հայ երիտասարդներին կրթություն ստանալ Իտալիայում` բացելով ինչպես կրթական համագործակցության, այնպես էլ հակամարտող երկրների միջև հասարակական երկխոսության զարգացման նոր հեռանկարներ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Կրթական ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին, ներկայացնելով իրենց կազմակերպության գործունեությունը, կարևորել է, որ կրթաթոշակները տրամադրվում են միմյանց միջև հակամարտություն ունեցող երկրների ուսանողներին: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նույն հարկի տակ բերելով երիտասարդներին` ապահովել համերաշխ կեցություն: «Ռոնդինե» ասոցիացիայի նախաձեռնության նպատակն է երիտասարդների միջոցով ձևավորել հաշտեցման գործող առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հակամարտությունների վերացման ու բարիդրացիական հարաբերությունների ձևավորման համար, իսկ շրջանավարտներն էլ դառնալու են այդ գործընթացների ծիծեռնակները: Նա ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին է փոխանցել Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար երիտասարդների մշակած 14 առաջարկից բաղկացած փաթեթը:
Հանդիպման ավարտին քննարկվել է նաև «Ռոնդինե» ասոցիացիայի նախաձեռնությանն Արցախի ուսանողների մասնակցության խնդիրը: