«Մուղնեցոց Ս. Գևորգ եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ»
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը նախօրեին գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ:
Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ, նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:
Panorama.am-ը մշակույթի նախարարությունից տեղեկացավ, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ հետագա աշխատանքների քննարկման նպատակով, կողմերի փոխհամաձայնեցմամբ օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը:
Նշենք, որ Վրաստանի պետական բյուջեից 50.000 վրացական լարի կամ 26790 ԱՄՆ դոլար է տրամադրվել մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը` Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:
Հիշեցնենք, որ Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է: