Ռուսաստանի ԱԳՆ. Ահմադինեժադի հայտարարությունները բացարձակ անընդունելի են
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարություններն իր միջուկային ծրագրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ բացարձակ անընդունելի են: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, Ահմադինեժադը երկրի հեռուստատեսություններից մեկով հայտարարել էր, թե «Ռուսաստանը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ նախագահի կողմից բեմադրված քարոզչական դրամայում իր դերն է կատարում», Իսլամական հանրպետությանը մեկուսացնելու քաղաքականության մեջ:
«Մեզ համար բացարձակ անընդունելի են Իրանի նախագահ Ահմադինեժադի վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են Ռուսաստանի օբյեկտիվ մոտեցումն ու մեր ինքնուրույն, կառուցողական դիրքորոշումը միջուկային ծրագրի նկատմամբ`այն է գտնել քաղաքական ու դիվանագիտական լուծում խնդրին, որն միջազգային հանրության արդարացի մտահոգության առիթ է հանդիսանում: Հուսով ենք, որ ապարդյուն ու անպատասխանատու հռետորության փոխարեն, Իրանի ղեկավարությանը հարկավոր է հստակ կառուցողական քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար, ինչին վաղուց և համառորեն կոչ են անում Ռուսաստանն ու «Վեցնյակի» մյուս անդամները»,-ասված է ՌԴ ԱԳ հայտարարությունում: