Ադրբեջանը ցայտնոտի մեջ է. իր երկրի պաշտոնյայի դուստրը սիրահարվել է հայի
Ըստ «Ենի Մուսավաթ»-ի, մի հայ տղա սիրավեպ ունի Ադրբեջանի բարձր պաշտոնյայի` Լոնդոնում սովորող դստեր հետ:
«Ենի Մուսավաթ»-ի աղբյուրը հայտնել է, որ այդ իրադարձությունը շոկ է առաջացրել իշխանության նույնիսկ ամենաբարձր մակարդակում: Այդ սիրավեպից տեղյակ Լոնդոնում սովորող ադրբեջանցիները Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու` Թալեհ Հեյդարովի գլխավորությամբ, ով նաեւ Եվրոպայի ադրբեջանական համայնքի նախագահն է, բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում եւ իշխանությունից պահանջել, որպեսզի հիշյալ աղջկա հայրը համապատասխան միջոցներ ձեռնարկի` «այդ խայտառակությանը վերջ դնելու համար»:
Ասվում է, որ Թալեհ Հեյդարովի կիրառած ճնշումները աղջկա եւ տղայի նկատմամբ` օգուտ չեն տվել: Սիրահարները շարունակում են ապրել միասին:
Թերթը գրում է, որ Քեմալադդին Հեյդարովը հարցը բարձրացրել է երկրի ղեկավարության առաջ: Ք.Հեյդարովն ու մեկ այլ ուժային նախարար ամենակոշտ ձեւով հայտարարել են, որ իրադարձությունը խայտառակություն է Ադրբեջանի համար:
Ադրբեջանի ղեկավարությունը հիշյալ նախարարից պահանջել է անմիջապես միջոցներ ձեռնարկել աղջկան Ադրբեջան վերադարձնելու համար: Սարսափած հոր բոլոր հորդորները աջկան` Բաքու վերադառնալ, իզուր են անցել: Նախարարի աղջիկը հորը կտրուկ կերպով հայտնել է, որ ինքն ապրում է ազատ երկրում, ազատ է իր գործողություններում, եւ ոչ ոք չի կարող խոչընդոտել իր սիրուն:
Աղբյուրը հայտնել է, որ ներկայում այդ նախարարի վիճակը շատ ծանր է, եւ երկրի ղեկավարությունը նրա առաջ պահանջ է դրել` «ինչ ուզում ես` արա, բայց այդ բիծը մաքրիր»: Իշխանության ազդեցիկ դեմքերը միանշանակ հայտնել են, որ այդ խայտառակությունից հետո հիշյալ անձը չի կարող կարեւոր պետական պաշտոն զբաղեցնել: Թերթը նշում է, որ թեեւ իրեն հայտնի են իրադարձության մասնակիցների անունները, սակայն որոշել է այն դեռեւս չհրապարակել, եւ ավելացնում, որ մի քանի տարի առաջ Լոնդոնում դրանից ավելի խայտառակ իրադարձություն է տեղի ունեցել. նախկին նախարարներից մեկի որդին ամուսնացել է օտարերկրացի տղամարդու հետ, սակայն նրա հորը հաջողվել է բռնությամբ վերադարձնել որդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում