«Նռնակը տեղադրված է եղել «Դինո Գոլդ Մայնինգ»-ի ֆինանսական գծով տնօրենի մեքենայում». Մամլո խոսնակ
Նռնակը տեղադրված է եղել «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Արամ Մարկոսյանի մեքենայի մեջ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության մամլո խոսնակ Նորայր Աղայանը` միաժամանակ խուսափելով կատարվածը մահափորձ որակել:
«Ես չեմ կարող ասել` մահափո՞րձ է եղել, թե՞ ոչ, դա ոստիկանության կամ իրավապահ մարմինների գործն է», -հավելեց Աղայանը:
Հարցին, թե արդյոք նախկինում Մարկոսյանի դեմ սպառնալիքներ եղե՞լ են, Աղայանն ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չի կարող տրամադրել: «Ես միայն կարող եմ ասել, որ նռնակը եղել է Արամ Մարկոսյանի մեքենայում ու նրան զանգահարել զգուշացրել են, որ նրա մեքենայում նռնակ կա. դրանից հետո է այն հայտնաբերվել», -պատմեց Աղայանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին ընկերությունը աշխատում է բնականոն հունով:
Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ընկերության վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետևի անվադողի հարևանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված էր «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված էր սռնուց: Նռնակի առկայության մասին ահազանգ ոստիկանության Կապանի բաժնում ստացել են հուլիսի 26-ին ժամը 14:00-ին:
Նույն տեղեկատվության համաձայն, նռնակը վնասազերծվել էր դեպքի վայր հրավիրված ՀՀ ՊՆ սակրավորների կողմից:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նկատենք, որ որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին, թե նռնակը տեղադրված է եղել ընկերության ղեկավար Ռոբերտ Ֆալլետայի մեքենայի մեջ:
Նախորդող հրապարակում`Մահափո՞րձ «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ընկերության ֆինանսական տնօրենի դեմ