«Այս տարվա դիմորդների ընդհանուր պատրաստվածությունը մակարդակը շատ ցածր էր»
«Այս տարի ընդունելության քննությունների գնահատականները ցույց տվեցին, որ այս տարվա դիմորդների ընդհանուր պատրաստվածությունը, զարգացվածությունն ու մակարդակը շատ ցածր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում անցկացված ընթացիկ ստուգումները նույնպես ցույց էին տվել, որ հանրապետությունում կրթության մակարդակն այնքան էլ բարվոք վիճակում չէ:
«Այս ուստարվա ընթացքում դպրոցներում ավելի հաճախ կանցկացնենք ընթացիկ ստուգումներ, որպեսզի ծանոթ լինենք աշակերտների գիտելիքների մակարդակին»,- հավելեց նա:
Նրա խոսքով, երբեք հանձնրարություն չի եղել, որ կազմեն բարդ թեստ, ընդհակառակը, հանձնարարվել է գրել այնպիսի թեստ, որ միջին միավորը տատանվի 12-13 միավորի շրջակայքում:
«Սակայն քննությունները ցույց տվեցին, որ կրթության մակարդակը այժմ բարձր չէ: Հույս ունենանք, որ ավագ դպրոցների ներդրումը կշտկի այսօրվա իրավիճակը»,-ասաց նա:
Գ. Խաչատրյանի խոսքով, բանավոր քննությունների միջին գնահատականները շատ ցածր են. անգլերեն բանավոր քննության միջինը միավորը 12.22-ն է, գերմաներենինը`11.96, իսպաներենինը`16,08, իտալերենինը`17.25, հայոց լեզվինը`9,96, ռուսաց լեզվին`8,52, ստեղծագործական մրցույթինը` 8,48, իսկ ֆրանսերնինը`14,65:
Նշենք, որ հայոց լեզու բանավոր քննությունից 20 միավոր է ստացել ընդամնեը 4 դիմորդ, անգլերենից`20 դիմորդ, իտալերենից 1 դիմորդ, իսպաներենից 4 դիմորդ: Գերմաներենից, գծագրությունից, նկարչությունից, ռուսաց լեզվից, ֆրանսերենից, ստեղծագործական մրցույթ քննությունից 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Ի դեպ նշենք, որ ստեղծագործական մրցույթ քննության ամենաբարձր միավորը գրանցվե է 15-ը: